Թալիշի ուղղությամբ երեկ հակառակորդի ձեռնարկած հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով գերեվարված ադրբեջանական բանակի զինծառայողի կյանքին Արցախում վտանգ չի սպառնում՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա նշել է, որ Արցախը գերու վերաբերյալ համագործակցություն է սկսել Կարմիր խաչի հետ. «Կարմիր խաչի հետ միշտ էլ համագործակցում ենք: Դա արդեն իսկ ընդունված պրակտիկա է: Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, քաղաքակիրթ ժողովուրդ ենք և երբևիցե որևէ գերու կյանքին վտանգ սպառնացող կամ ոչ պատշաճ վերաբերմունք չենք ցուցաբերել ու չենք էլ ցուցաբերի: Գերու առողջությանն ու անվտանգությանն Արցախում որևէ վտանգ չի սպառնում»:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե որքան ժամանակ գերին կմնա Արցախում: «Պիտի պարզել բանակից և ԱԳՆ-ից: Հետագայում այդ մասին տեղեկատվությունը կլինի»,- ասաց նա: